«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Նրա վարպետության դասերը

Նրա վարպետության դասերը
14.11.2008 | 00:00

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-100
«Աշխարհում չկա մի հայ, որը չկարողանա գրել»,- այսպես է գրել Սարոյանն իր պատմվածքներից մեկում ու մեկնաբանել. «Չեմ հավատում, որ մեկ ուրիշ լեզու կարող է այդքան մաքուր, մտերմիկ ու վեհապանծ լինել, որքան մեր լեզուն։ Հայերենը մի լեզու է, որտեղ կեղծությունն անհնարին է։ Իրականում այս լեզուն զարգանում է բացառապես իր ժողովրդին մի ընտանիքում պահելու համար։ Եթե լինեին ժամանակակից սրբեր, նրանց տառերը հայերեն կլինեին, ու եթե աշխարհն իր համար մի նոր Աստվածաշունչ գրելու լիներ, հայերեն կգրեր։ Մյուս լեզուները գիտության կամ մշակույթի առաջընթացի համար են, բայց հայերենը ստեղծվել է մարդկային հարաբերությունների ընդլայնման ու կատարելագործման, նաև մարդկային ոգին ազնվացնելու համար»։
Զարմանալի չէ, որ գրողն իր հոր մանկության ընկեր, բիթլիսցի ատաղձագործ Սարգիս Գանյանին նույնպես բանաստեղծ էր համարում, իսկ նրա ամբողջ կյանքը՝ պոեզիա, թեև վերջինս միայն ակրոստիքոսներ էր գրում և դա հեշտ գործ չէր համարում։ Թերևս անփորձ կամ սկսնակ գրողներին օգնելու նպատակով էլ մեծ գրողը 50 տարեկանում հապշտապ մի փոքրիկ գրառում է արել, ուր օգտակար խորհուրդներ է տալիս և զգուշացնում, թե ինչից պետք է փորձել խուսափել։ Ահա այդ դասերը.
* Ամենակարևորը սեփական ոճը գտնելն է, գտնելուց հետո՝ մշակելը, սրելը և մյուս բոլոր ներունակություններից օգտվելը։
* Նյութի լավագույն աղբյուրը քո սեփական փորձն է։
* Երբեք մի՛ շեղվիր քո նյութից։
* Ես հայտնաբերել եմ, որ գրական լինելն անցանկալի է, հարկավոր է բառերով գրել։
* Կետադրություն հաղորդիր բառերին, որպեսզի պատմվածքդ ապրի, պատմվածքդ մի՛ օգտագործիր բառեր հորինելու համար։
* Ականջ արա գրածիդ, համոզվիր, որ այն կարդացվում է և լավ է հնչում։
* Կարճ կապիր։
* Բայց ամենից կարևորը՝ միշտ զգոն եղիր, ուր էլ որ գնաս, ում էլ որ տեսնես, ուշադիր լսիր, ուշադիր նայիր, փորձիր ամեն ինչ նկատել, փորձիր ամեն ինչ խորապես հասկանալ։ Աշխատիր, որ գրածդ հավասարակշիռ լինի, այսինքն՝ հիշիր, որ ամեն բան իր հակառակ կողմն ունի, չարը հավասարակշռվում է բարիով, տգեղությունը՝ գեղեցկությամբ, խավարը՝ լույսով և այլն։
Ծանոթանալով վարպետության սարոյանական այս անպաճույճ դասերին` ևս մի անգամ համոզվում ես, որ նա ողջ կյանքում հավատարիմ է մնացել իր սկզբունքներին։ Նրա ստեղծագործություններում արտացոլված են ոչ միայն իր հայկական սիրտն ու հոգին, այլև համամարդկային այնպիսի արժեքներ (հումոր, ջերմություն, բարություն), որոնք ընդհանուր են աշխարհի բոլոր կողմերում ապրողների և բոլոր ժամանակների համար։ Երիցս իրավացի էր մեծ հումանիստը, երբ հայտարարում էր, որ իր գրվածքները կհայտնաբերվեն նորից ու նորից, որովհետև նա քարոզում էր անսահման բարություն ու մարդասիրություն և ըմբոստանում մարդկային չարության, նախանձի ու եսամոլության դեմ։ Սարոյանի համար երբեք կարևոր չէին ազգային, տարիքային կամ այլ սահմանափակումները, որոնց այսօր մենք հաճախ ենք բախվում։ Նա մի մարդ էր, որի համար ամենակարևորը մարդ արարածի էությունն ու զգացմունքներն են։ Նա ակնհայտորեն զարմանում էր աշխարհում տիրող անափ չարության վրա և իր զարմանքն ու զայրույթն արտահայտում «ես համոզված եմ, որ աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» տողերում։
Նա գրել սկսել է՝ համոզված, որ կկարողանա վերափոխել մեր աշխարհը, որը քաոս է։ Նա ուզում էր վերափոխել նաև մարդուն, մարդկային ցեղը։ «Իմ հետազոտության առարկան մարդկային հոգին է»,- հավելել է հետագայում։
Սարոյանի ներքին սկզբունքն իբրև գրողի և կյանքի նշանաբանը եղել է. «Ոչ ոքի մի՛ ենթարկիր քեզ, բայց և քեզ մի՛ ենթարկիր ոչ մեկին»։
Կրկին ու կրկին ընթերցելով Սարոյանին, մի անգամ ևս համոզվում ես, որ նրա ողջ արածը հիմնականում հենվում է երեք կետաձկան՝ անգլիական լեզվի, ամերիկյան հողի և հայ ոգու վրա։
Դե, ուրեմն, թող մեզանից յուրաքանչյուրը վարպետության դասեր քաղի մեծ հայից՝ փորձելով ուղղել նրա մատնանշած սխալները և առաջնորդվելով համամարդկային արժեքներով, որպեսզի աշխարհը ողողվի լույսով, բարությամբ ու սիրով։ Այսպիսին է 100-ամյա մեր փառավոր հոբելյարի պատգամն իր հայրենակիցներին, քանզի չարիք ու թշվառություն, ատելություն ու վախ, անմաքրություն ու փտություն տեսնելուց հետո էլ նա սիրում էր այս աշխարհն այնպես, ինչպես այն կա։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 7597

Մեկնաբանություններ

post-type-2">

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը